Հունգարիայի Հայ Ազգային Ինքնավարությունը սեպտեմբերի 21-ին նշեց ՀՀ Անկախության 29-ամյակը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 95 տոկոսը «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքին:
Այս տարի սեպտեմբերի 21-ին Հունգարիայի Հայ Համայնքը կրկին հավաքվեց՝ նշելու մեր ամենասիրված, ամենասպասված և գեղեցիկ տոնը՝ ՀՀ Անկախության Օրը: Ինչպես ասում է պրն․ Ալեքս Ավանեսյանը՝ հայերի մեջ կա «Անկախության Գեն», այն փոխանցվել է սերնդեսերունդ, դարձել նպատակ: Անկախություն ձեռք բերելու երազանքնը հայ ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, դարձել նվիրական երազանք, ստիպել է ապրել և հավատալ նույնիսկ այն ժամանակ, երբ ճարահատյալ ենք եղել: Եվ ահա այսօր, արդեն 29 տարի է աշխարհը մեզ ճանաչում է որպես փոքրիկ, համառ, ազատ և անկախ պետություն: Հունգարիայի Հայ Ինքնավարությունը՝ որպես աշխահրում հայերի ձևավորված ամենահին համայքներից մեկը, նույնպես սպասում էր և նախապատրաստվում այս տոնին: Արդեն քանի օր է Հունգարիայի տարբեր քաղաքներում՝ Դունակեսի, Վեզպրեմ, Միշկոց, անցնում են ՀՀ Անկախությանը նվիրված մշակութային երեկոներ: Բուդապեշտում ՀՀ Անկախության տոնը նշվեց հենց ամսի 21-ին ՀՀԱԻ Կենտրոնում: Մինչ բուն ծրագրին անցնելը կայացավ հանդիպում Ինքնավարության Խորհրդի անդամների միջև, քննարկվեցին համայնքին վերաբերող առաջիկա ծրագրերը, այնուհետև սկսեց տոնին նվիրված մշակութային երեկոն: Ծրագրի ընթացքում հանդես եկան Վարոդի Մարիան, Ալեքս Ավանեսյանը, Սոսի Սուսանին՝ խոսելով Հայաստանի պատմության, մշակույթի և հայ ժողովրդի անկոտրում բնավորության մասին, մեջբերումներ արեցին Մովսես Խորենացու, Խաչատուր Աբովյանի, Վարդգես Պետրոսյանի հայ ժողովրդին վերաբերող ստեղծագործություններից: Երաժշտական համարներով հանդես եկան ակարդիոնիստ Դավիթ Ենգիբարյանը, դուդուկահար Յուհաս Էնդրեն, օպերային կատարող Նելսոն Սահակյանը, Կովաշ Օլգան և Արմինե Մնացականյանը Հայաստանին նվիրված բանաստեղծություններ ասմունքեցին հայերենով և հունգարերենով:
Երեկոյին հրավիրված հատուկ հյուրերն էին հայկական նռան գինին և իհարկե հայկական կոնյակը, ովքեր հանդես եկան ծրագրի վերջում: Պատասխանատվությամբ մոտեցան իրենց պարտականություններին՝ էլ ավելի ուրախ, գունեղ և վառ միջավայր ստեղծելով մեր սիրելի հյուրերի համար:
Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՜ Հայաստան․․․